Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Թունիսի դեսպանին (լուսանկար)
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին:
Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր և պատասխանատու աշխատանքում:
Նախարարը և դեսպանն արձանագրել են երկկողմ առևտրի ցածր ցուցանիշները և պատրաստակամություն հայտնել գործադրելու դրանց բարելավմանը միտված ջանքեր:
Կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ներդրումային համաժողով անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում տեղի կունենան նաև գործարարների B2B ձևաչափի հանդիպումներ, կներկայացվեն տարբեր ներդրումային ծրագրեր:
Նախարար Խաչատրյանը նշել է, որ Թունիսը արդյունաբերական գոտիների, փոքր և միջին ձեռներեցության զարգացման գործում հաջող փորձառություն ունի, որով թունիսցի ձեռնարկատերերը կարող են կիսվել հայ գործարարների հետ: Նախարարի խոսքով՝ հայ գործարարներն էլ, իրենց հերթին, կարող են առաջարկել դիտարկել իրանական, ԵԱՏՄ շուկաներում գործունեություն ծավալելու, համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագիր մշակելու հնարավորությանը: