Դա նման է սվաստիկան հրեական դպրոցի վրա փակցնելուն. Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը՝ թուրքական դրոշների փակցման միջադեպի մասին
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել նախօրեին Կալիֆոռնիայի հարավում գտնվող հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտի, մասնավորապես՝ «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վրա թուրքական պետության դրոշները փակցնելու աղմկահարույց դեպքերի առնչությամբ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ոստիկանության բնորոշմամբ՝ կատարվածը դիտարկվում է որպես հանցագործություն՝ հիմնված ատելության վրա:
«Դա համարժեք է նրան, որ նացիստական սվաստիկայի նշանը փակցվի հրեական դպրոցի վրա»,-կատարվածը մեկնաբանել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կորտեսը:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում նշել են, որ արարքը միտումնավոր էր ու նպատակ ուներ անարգել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին:
«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել էր Շիֆը:
Թուրքական դրոշների հետ կապված միջադեպին էր անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը:
Նա դիմել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ էր արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:
Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) իր երախտագիտությունն էր հայտնել կոնգրեսականներ Շիֆին ու Շերմանին՝ միանալով պատշաճ հետաքննություն անցկացնելու կոչին: