Ռուսաստանը շարունակում է աշխատել Հայաստանից ապրանքների համար նոր տարանցիկ միջանցք ապահովելու ուղղությամբ. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանը դրական է վերաբերվում 2011թ. Վրաստանի ու Շվեյցարիայի միջև կնքված համաձայնագրին: Լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Նշենք, որ համաձայնագրի շնորհիվ հնարավոր կլինի այլընտրանքային ճանապարհ ստեղծել Վերին Լարսին:
«Մենք մտադիր ենք իրականացնել մեր կողմից ստանձնած պարտավորությունները»,- նշեց Կարասինը:
Ըստ փոխարտգործնախարարի՝ շատ կարևոր է եռակողմ հանդիպումը՝ շվեյցարական կողմի մասնակցությամբ:
«Շուտով տեղի կունենա հանդիպում: Այն կանցկացվի փետրվարին՝ Ժնևում, ինչից հետո մենք կսկսենք իրականացնել ծրագիրը: Սա կօգնի, կտա հնարավորություն ստեղծելու տրանզիտային միջանցք, որով Հայաստանի ապրանքները կարտահանվեն ու կներմուծվեն:
Գիտեք, որ տարածաշրջանում կան խնդիրներ, տարակարծություններ՝ քաղաքական կարգավիճակի հետ կապված, կա Հարավային Օսեթիան: Սրանք նուրբ հարցեր են, պետք է քննարկենք»,- շեշտեց նա:
Խոսելով գազի սակագնի մասին՝ Գրիգորի Կարասինը նշեց, որ ինքը «գուշակ չէ», հարցը քննարկվում է: