Նա ցնցվել էր Ձեր երկրի պատմությամբ, մշակույթով. Գրիգորի Կարասինը մասնակցել է Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը
Այսօր Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիոտթյան» այգում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը մասնակցել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը.
«Նախ և առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպիչներին: Մենք վստահ ենք, որ այս իրադարձությունը առիթ կդառնա այցելել այս համալսարանը բազմաթիվ ռուսների համար, քանի որ Գրիբոյեդովի անունը ոսկե տառերով է գրվել ռուս-հայկական հարաբերությունների պատմության մեջ: Մենք մի քանի օրից նշելու ենք Դիվանագետի օրը և հիշելու ենք Գրիբոյեդովին, որը մահացել է շատ երիտասարդ հասակում:
Գրիբոյեդովը մահացել է դրամատիկ ձևով, մարդկանց կյանքեր փրկելով, բայց մեզ համար այսօր կարևոր է, որ այդ անունը մեր 2 երկրների միջև կապեր է ամրապնդում: Այսօր, հիշելով նրան, հնարավոր չէ չհիշատակել նրա ճակատագրի կապվածությունը Հայաստանի հետ: Նա առաջին անգամ հայկական հողին ոտք է դրել 200 տարի առաջ: Նա ցնցվել էր Ձեր երկրի պատմությամբ, մշակույթով»,- ելույթի ժամանակ ասել է Գրիգորի Կարասինը։
Կարասինը հիշեցրել է, որ Գրիբոյեդովը մասնակցել է Ռուս-պարսկական պատերազմին, Երևանի ազատագրմանը, ինչի համար մեդալ է ստացել: Գրիբոյեդովի դիվանագիտական գործունեության մեջ հայերի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը առանցքային դեր է զբաղեցրել.
«Գրիբոյեդովի շնորհիվ Թուրքմենչայի պայմանագրում ավելացվել է կետ, որով հայերին թույլ էր տրվում լքել Պարսկաստանը և վերադառնալ պատմական հայրենիք: Երևանում 1827թ. բեմադրվել էր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսը, որը նրա կենդանության օրոք միակ բեմադրությունն է եղել: Գրիբոյեդովն իր ժամանակի հերոսն էր»: