Գյումրիի քաղաքապետարանը Սևյանի մշակույթի պալատի վերականգնման երկու առաջարկ է ստացել
Գյումրիի Սևյանի պալատն ի՞նչ ծրագրով կվերականգնվի, և արդյո՞ք ներկայացված առաջարկներն իրատեսական են…
Քաղաքապետարանում հանրային լսումներ էին կազմակերպվել ստացված 2 առաջարկների շուրջ: Քաղաքապետարանը 2 տարբեր կազմակերպություններից պալատի վերականգնման առաջարկներ է ստացել: Մեկը վերաբերում է Սևյանի պալատը ֆիլհարմոնիայի կենտրոնի վերածելուն: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնը:
Այս առաջարկը վերջինս ներկայացրել է 4 տարի առաջ՝ 2015–ին, սակայն մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկվել: «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ Նելլա Մովսիսյանը նշել է, որ պատճառն այն է, որ 2015–ին պարզվել է, որ Գյումրիի քաղաքապետարանը Սևյանի պալատի շենքը ներկայացրել է այլ կազմակերպության՝ Ռուսաստանում գործող «Արաքս» հիմնադրամին: Ըստ այդմ էլ պրոդյուսերական կենտրոնը ոչինչ չի ձեռնարկել:
«Մենք նախատեսում ենք Սևյանի պալատի տարածքում բեմադրել «Արշակ Երկրորդ» օպերան, սրանով իսկ կոչ հղել աշխարհի բոլոր արվեստագետներին և մեկնարկել Սևյանի պալատի վերականգնման ծրագիրը: Արդիական է նաև հովանավորների հարցը: 2015–ին ֆինանսավորելու ցանկություն էին հայտնել գործարարներ Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը » ,– նշել է Նելլա Մովսիսյանը:
Եթե իր ծրագիրը հավանության արժանանա, ապա ֆինանսավորման համար նորից է դիմելու գործարարներին:
Իսկ «Բալետ 2021» հիմնադրամն 2018–ի ապրիլին է Գյումրիի քաղաքապետարանին առաջարկել Սևյանի պալատը մշակութային փորձարարական կենտրոն դարձնել: ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները:
«Ստեղծելու ենք մշակութային փորձարարական կենտրոն, որտեղ լինելու է դասական պարերի դպրոց՝ չմոռանալով, իհարկե, ազգայինը: Մենք ստեղծելու ենք նաև խորեոգրաֆների դպրոց»,– ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը:
Քաղաքապետարանը ծրագրերի մանրամասները լսել է և հնգօրյա ժամկետում սպասելու է դրանց վերաբերյալ հանրային քննարկման մասնակիցների առաջարկներին, որից հետո հավանության արժանացած ծրագիրը կներկայացվի ավագանու հաստատմանը: Նշենք, որ Գյումրիի Սևյանի պալատը պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում է, այստեղ է գտնվում Ֆերդինանդ Մանուկյանի «Սասունցիների պարը» խճանկարը: