ՌԴ ԱԻՆ-ը պարգևատրել է Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Սվերդլովսկի մարզի գծով վարչությունում պարգևատրել են 30-ամյա Գևորգ Ավետիսյանին, որը երեք երեխայի էր փրկել այրվող տնից:
«Այլ կերպ վարվել չէի կարող: Երբ երեխաներին դուրս էի բերում այրվող տնից, ես ոչնչի մասին չէի մտածում, ես մի նպատակ ունեի՝ փրկել երեխաներին, և ես կարողացա դա անել, ինչի համար շատ ուրախ եմ», - Ավետիսյանի խոսքը մեջբերում է kp.ru-ն:
Իր գործողություններում խիզախություն և վճռականություն դրսևորելու համար Գևորգ Ավետիսյանին հանձնել են ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության ղեկավարի շնորհակալական նամակը, ինչպես նաև նվեր՝ կրակմարիչ:
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում բնակվող 30-ամյա տղամարդը, տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում, շտապել է ներս և դուրս բերել 12-ամյա աղջիկներին ու 10-ամյա տղային: Երեխաներից ոչ ոք չի տուժել: