Մշակույթի նախարարության գործառույթները պահպանվելու են այլ կառույցի միանալու դեպքում. Նազենի Ղարիբյան
Հայաստանի մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը դեռ հստակ տեղեկություն չի հաղորդում ՀՀ մշակույթի նախարարության այլ կառույցի միանալու վերաբերյալ:
Ղարիբյանն այս մասին խոսեց հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«ՀՀ մշակույթի նախարարության այլ կառույցի միավորման վերաբերյալ այս պահին հստակ տվյալներ չկան: Մենք գիտենք, որ նախարարության բոլոր գործառույթները պահպանվելու են: Թե որքան ժամանակով նախարարությունը կգործի որպես առանձին գերատեսչություն, կախված է այն բանից, թե երբ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխության նախագիծը կընդունվի և կհաստատվի խորհրդարանում»,-նշեց Ղարիբյանը:
Նա շեշտեց, որ եթե մենք ունենք աշխատելու կամք, կարողություն, մշակութային հստակ ծրագրեր, նպատակներ, մշակութային ռազմավարություն, քաղաքականություն, այդ դեպքում իր համար առանձնապես տարբերություն չկա նախարարություն կմիանա այլ կառույցի, թե առանձին կգործի:
«Անգամ այլ նախարարության կազմում է պետք է պահպանել ինքնուրույնությունը, բյուջեն և կարողանալ համախմբված, արագ, արդյունավետ իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք կան»,-ընդգծեց նա և հավելեց, որ նախարարությունը մշակել է մշակութային քաղաքականության առաջիկա տասը տարվա դրույթները և ռազմավարական առաջնահերթությունները:
ՀՀ կառավարությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում նախատեսել է փոփոխություններ, որոնց համաձայն՝ ենթադրվում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը կարող է միանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը հնարավոր է, որ լուծարվի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գործի որպես վարչություն: