Վալերիյ Օսիպյանը կրկին ոստիկան-սահմանապահների դիրքեր է ճանապարհել. (լուսանկարներ,տեսանյութ)
Վալերիյ Օսիպյանը ողջունել է ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողներին, որոնք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։
«Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»,- ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծել է Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու շնորհակալությունը։
Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի 1033 զորամասում է եղել՝ Տավուշից վերադարձած ոստիկան-սահմանապահներին դիմավորելու, ողջունելու և շնորհակալություն հայտնելու։
«Ամեն անգամ երջանկության ու հպարտության զգացողությամբ եմ ձեզ դիմավորում․ դուք ապացուցում և ապացուցելու եք, որ ոչ միայն հասարակական կարգը գերազանց պահպանողներ, այլև պրոֆեսիոնալ սահմանապահներ եք»,- ասել է ոստիկանության պետը։
Մարտական հերթապահության ժամանակ ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարած ոստիկանները Վալերիյ Օսիպյանի հրամանով արժանացել են պարգևների։ Ոստիկանության պետի հրամանով առաջնագծում մարտական հերթապահություն կատարած բոլոր ծառայողներն արժանացել են նաև դրամական խրախուսանքի։
Արարողությունը եզրափակվել է դիրքերից իջած ոստիկանների խրոխտ քայլերթով։
Վալերիյ Օսիպյանը վերջում հանդիպել է ոստիկան-զինվորականների ծնողներին ու հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով հայրենիքի նվիրյալ որդիներ դաստիարակելու համար։