ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող ռեստորանում կրակոցներ են հնչել. կա 1 զոհ, 8 վիրավոր (լուսանկարներ)
Գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:
Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի խումբը, ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձաքրեագետներ, ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում է մարտի դաշտ:
Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի և դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ, որի վրա առկա է արյան հետք, և արյունոտ գլխարկ:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի, և 8 վիրավորների ինքնությունը:
Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել են «կառտեր», և այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի և 235 հոդվածի հատկանիշներով: Կայքի տեղեկություններով, վիրավորների մեջ են ԱԺ նախկին պատգամավոր Մ. Մարտիրոսյանի ազգականները:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև կոտայքի մարզի դատախազը: