ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան դիմացի փողոցը հայերը ցանկանում են անվանակոչել Հենրի Մորգենթաուի անունով
Ամերիկայում հայկական ազգային կոմիտեն (ANCA) կոչ է արել անվանափոխել ԱՄՆ-ում այն փողոցը, որտեղ գտնվում է Թուրքիայի դեպանատունը: Վաշինգտոնում գտնվող դեսպանատան փողոցը հայերը ցանկանում են անվանել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անունով:
«Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան դիմացի փողոցը անհրաժեշտ է անվանափոխել արդարադատության առաջամարտիկ, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անունով»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Մորգենթաուն 1913–1916 թթ․-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի (1914–1918 թթ.) սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։
1915 թվականից Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր։ Երբ հայտնի է դարձել, որ արևմտահայերի տեղահանության իրական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպել է երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ, փորձել է կասեցնել կոտորածն ու տեղահանությունը։