Հայաստանի ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձը նշել են Գյումրիում (լուսանկարներ)
Հայկական զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի օրը ազատամարտիկները, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Շիրակ գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմում և 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ու ազատամարտիկների հիշատակին: Հայաստանի ԶՈւ-ի կազմավորման տոնը նշել են Շիրակի կայազորի զորամասերից մեկում:
Լևոն Մարգարյանը Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից բազմաթիվ կամավորականների հետ մեկնել է Արցախ, մասնակցել պատերազմական գործողություներին: 90-ականներին ադրբեջանական ԶՈւ-ի դեմ կամավորական ջոկատները կռվում էին որսորդական հրացաններով: Ախուրյանի ջոկատում է կռվել, ամենաթեժ մարտերն է հիշում Քարվաճառում ու Աղդամում, Շուշիի ազատագրման օրն էր, որ Ախուրյանի ջոկատի տղաները զոհվեցին: Այսօր բոլոր զինակից ընկերների հետ եկել էր՝ Արցախյան պատերազմում և 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված տղաների հիշատակին իր խոնարհումը բերելու:
Շիրակի կայազորի զորամասերից մեկում հրամանատարությունն ու զինվորները միասին զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձի միջոցառմանը մասնակցեցին: Զորամասի զինվորներից մի քանիսը ընդամենը 20 օր առաջ են անցել ծառայության: Բանակային կյանքին, կարելի է ասել, դեռ չեն էլ հարմարվել, բայց գիտակցում են, որ ծառայել բանակում՝ նշանակում է ոչ միայն հայրենիքի նկատմամբ պարտք կատարել, այլև մեր երկրի անվտանգությունը ապահովել:
Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի պատվոգրերով և Երկրապահ կամավորականների հուշամեդալով պարգևատրվեցին զինվորականներ, կուրսանտներ, դպրոցների զինղեկներ: Պարգևատրումներից հետո տեղի ունեցավ տոնական համերգ: Զինվորներին իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը և նույն զորամասի զինվորական նվագախումբը: