Տրետյակովյան պատկերասրահից այցելուների աչքի առաջ կտավ գողացած անձը ձերբակալվել է. (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության աշխատակիցներն Անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ տաք հետքերով ձերբակալել են Տրետյակովյան պատկերասրահից Քուինջիի նկարը գողանալու համար կասկածվող անձին: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին հղումով:
Նրա խոսքով՝ կասկածվող անձը 31-ամյա տղամարդ է, որը ձերբակալվել է Մոսկվայի մարզի Զարեչյե գյուղում: Նա պատմել է, որ թաքցրել է կտավն Օդինցովոյի շրջանի շինարարական օբյեկտում:
Հունական ծագմամբ ռուս նկարիչ Արխիպ Քուինջիի «Այ-Պետրի. Ղրիմ» նկարի գողացման մասին հայտնի էր դարձել հունվարի 27-ին: Կտավը գողացվել էր այցելուների աչքի առաջ: Մինչև վերջին պահը բոլորը կարծել են, թե կտավը վերցրել է թանգարանի աշխատակիցը:
Համացանցում հայտնվել էր նաև կտավի գողացման պահը ցուցադրող տեսանյութ: