Թրամփը արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը պատի շինարարության լավագույն տարբերակ է համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը ամերիկա-մեքսիկական սահմանին պատի շինարարության համար միջոցներ ստանալու բոլոր հնարավոր տարբերակներից լավագույնն է: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ հանգստյան օրերին ԱՄՆ առաջնորդն իր օգնականներին ասել է, որ երկրում ԱԴ ռեժիմի հայտարարումն այս պահին լավագույն տարբերակն է: Նրա կարծիքով՝ առաջիկա շաբաթներին այդ որոշման ընդունումը կարող է ճնշում գործադրել Կոնգրեսի վրա՝ բյուջեի մեջ պատի շինարարության ֆինանսավորումը ներառելու համար:
Սպիտակ տան աշխատակիցներից մեկը Թրամփի որոշումը գործադիր իշխանության համար համարել է կառավարության աշխատանքի վերականգնում «մաքուր էջից», այլ ոչ թե նահանջ, ինչպես ներկայացնում են դեմոկրատները: Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփին ամենաշատը վշտացնում է այն, որ լրատվամիջոցներն իր գործողությունները դեմոկրատներին զիջում են անվանում:
Դրանից բացի, ըստ պարբերականի, Սպիտակ տանը վեճեր են ընթանում գործող իշխանության համար ԱԴ ռեժիմի հետևանքների շուրջ: ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները վստահ է, որ դեմոկրատները իմիգրացիոն բարեփոխումների հարցում վերջնարդյունքում կհամաձայնվեն աշխատել ԱՄՆ վարչակազմի հետ: Սպիտակ տանն առընթեր առևտրի հարցերով Ազգային խորհրդի ղեկավար Պիտեր Նավարոն, իր հերթին, կարծում է, որ ԱԴ-ն այս գործընթացում հաջողության կհանգեցնի: