Ձեր ուրույն արվեստն առանձնահատուկ է հայկական երաժշտության նորովի մեկնաբանությամբ. Գարեգին Բ-ն՝ Տիգրան Մանսուրյանին
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Եկեղեցու շքանշանակիր Տիգրան Մանսուրյանին ծննդյան 80-ամյակի առիթով:
«Մեծարգո Տիար Մանսուրյան,
Հայրապետական օրհնությամբ Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի ուրախալի առիթով։
Ձեր կյանքի նշանակալի այս հանգրվանը Դուք դիմավորում եք ստեղծագործական կյանքի բեղուն վաստակով՝ վայելելով մեր ժողովրդի ջերմ սերն ու հարգանքը։ Որպես մեծանուն կոմպոզիտոր ու արվեստագետ՝ Դուք արժանացել եք համաշխարհային լայն ճանաչման երաժշտության ասպարեզում Ձեր բարձր նվաճումներով ու գովարժան ձեռքբերումներով։
Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ տաղանդաշատ հայորդուդ հոգեթով ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրների հանրահայտ բեմերից՝ հիացմունք ու բավականություն պարգևելով երաժշտասեր հասարակությանը։ Մեծապես ընդունված ու սիրված է Ձեր կինոերաժշտությունը, որ քնարականությամբ, ելևէջների հիանալի ներդաշնակությամբ մեծ ազդեցություն ու տպավորություն է թողնում ունկնդիրների վրա։
Ձեր ուրույն արվեստն առանձնահատուկ է հայկական երաժշտության նորովի մեկնաբանությամբ ու դրսևորումներով, որոնց միահյուսված են Ձեր ներաշխարհի հույզերն ու ապրումները, հայրենիքի ու մեր ժողովրդի հանդեպ նվիրական զգացումները։
Սիրելի Տիար Մանսուրյան, Մեր ժողովրդի շնորհաշատ զավակիդ բացառիկ արվեստը՝ լուսեղեն մեղեդիներով ու բարձրաճաշակ հնչերանգներով, արտահայտում է նաև մեծանուն հայորդուդ հոգևոր խորին ապրումները, Աստծո հետ աղոթական հաղորդակցությունն ու մտասևեռումը դեպի երկնայինն ու հավիտենականը։
Դրա վառ վկայությունն են կոմիտասյան սկզբունքների կիրառումը Ձեր արվեստում, հոգևոր ուղղվածությամբ գործերի, Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքների հիման վրա երկնած ստեղծագործությունները։ Հայրապետիս համար սրտի խորին գոհունակություն է հաստատել Ձեր սերն ու որդիական հավատարմությունը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Աստծո կամոք Մենք բարեպատեհ առիթն ենք ունեցել վայելելու Ձեր ընկերակցությունը Հովվապետական Մեր այցերի ընթացքին, երբ Դուք մաս եք կազմել Մեր շքախմբի և Ձեր ներկայությամբ ոգեշնչել ու քաջալերել եք հավատավոր Մեր զավակներին։ Ուրախությամբ ենք հիշում, որ մշակույթի բնագավառում Ձեր գնահատելի ավանդի ու գովելի վաստակի համար Ձեր կուրծքը զարդարել ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով։
Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ պահի ու պահպանի Ձեզ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո, շնորհի արևշատություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորագրում: