Թրամփը մտադիր է Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցել առանց Կոնգրեսի թույլտվության
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միկ Մալվենին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցի, նույնիսկ եթե չկարողանա Կոնգրեսից ստանալ թույլտվություն և գումար: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կարող է արտակարգ դրություն սահմանել երկրում, որպեսզի օգտագործի Պենտագոնի բյուջետային միջոցները պատի կառուցման համար: Սակայն Մալվենիի կարծիքով՝ ավելի լավ է, որ նախագահն իր նպատակին հասնի օրինագծի ընդունմամբ:
«Թրամփը դա կանի կա՛մ Կոնգրեսի օգնությամբ, կա՛մ առանց դրա», - շեշտել է Մալվենին:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Մեքսիկայի սահմանին պատի կառուցումն սկսել երեք շաբաթից: