Ֆրանսիան որոշել է նոր գերձայնային զենք ստեղծել
Ֆրանսիան որոշել է սկսել գերձայնային զենք ստեղծելու նախագիծը: Այդ մասին իր ելույթում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին, հաղորդում է AFP-ն:
Ըստ տեղեկությունների՝ հայտարարությունն արվել էր շաբաթվա սկզբում: Նախարարի ելույթի վայրը չի նշվում:
«Մենք որոշել ենք պայմանագիր կնքել գերձայնային սավառնակի նմուշ ստեղծելու համար»,-նշել է նախարարը: Նրա խոսքերով՝ ստեղծվող գերձայնային սավառնակը կթռչի ավելի քան 6 հազար կմ/ժ արագությամբ: Առաջին փորձնական թռիչքը նախատեսվում է 2021 թվականի վերջում:
«Ներկայումս բազմաթիվ երկրներ զինվում են նման զենքով: Ֆրանսիան չի կարող սպասել»,-ընդգծել է Պարլին: Այդ կապակցությամբ AFP-ն հիշեցնում է, որ ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հինգ երկրներից երեքը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանն արդեն իրականացնում են գերձայնային զենք ստեղծելու սեփական ծրագրերը:
Ֆրանսիական նախագիծն անվանվել է V-MaX (Vhicule Manoeuvrant eXprimental, «Փորձարարական մանևրող կրիչ): Դրա գլխավոր կապալառուն կդառնա Arianegroup ավիացիոն-տիեզերական կոնցեռնը: Ըստ նախարարի՝ նախագիծը «կլինի իրական տեխնոլոգիական առաջխաղացում մի շարք ոլորտներում ռազմական ներուժի տեսանկյունից»:
Ըստ AFP-ի տվյալների՝ ծրագրի սկզբնական փուլում գերձայնային սավառնակը կտեղադրվի կառավարվող կամ չկառավարվող հրթիռի վրա: Ներկայումս Ֆրանսիան արդեն մշակում է գերձայնային սարքավորումներ իր միջուկային զինանոցը կատարելագործելու շրջանակներում: Խոսքը վերաբերում է ASMP միջին հեռավորության հրթիռի արդիականացմանն ու դրա գերձայնային տարբերակի՝ ASN4G չորրորդ սերնդի ավիացիոն միջուկային հրթիռի ստեղծմանը: Հետագայում այն կփոխարինի սկզբնական մոդելին: