Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառած ընկերության ղեկավարների արտոնագրերը՝ սարքերը Հայաստանի դեմ փորձարկելու համար
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կիրակի կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը:
Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ նշելով, որ խոսքը Aeronautics Defense Systems Ltd. ընկերության մասին է, որը կասկածվում է իր հաճախորդ Ադրբեջանի պահանջով «մահապարտ-անօդաչուները» Հայաստանի զինուժի դեմ 2017-ին փորձարկելու մեջ՝ խախտելով իսրայելական օրենքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործի քննության մանրամասները դատական կարգով գաղտնի են պահվում:
Ընկերությունը տվյալ որոշման մասին տեղյակ է պահել Թել Ավիվի բորսային, քանի որ չի կարողանա իր ապրանքները ներկայացնել արտերկրում նախքան դատական գործընթացի ավարտը:
Երկրի Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ արտոնագրից ժամանակավորապես զրկվել են ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեյր Ռիզմովիչը, իսկ երրորդ աշխատակցի անունը չի հաղորդվում:
2018-ի օգոստոսին Իսրայելի գլխավոր դատախազը հայտնել էր, որ մտադիր է մեղադրանք առաջադրել Մաթանին, Ռիզմովիչին և ընկերության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ Orbiter 1K անօդաչուի փորձարկման գործով:
Ընկերության դեմ ներկայացված բողոքի համաձայն՝ 2017-ի հուլիսին անօդաչու սարքն Ադրբեջանին ներկայացնելիս իսրայելական ընկերությանը խնդրել են տեղում փորձարկում իրականացնել հայկական զորքերի դիրքերի ուղղությամբ:
2017-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ ընկերությանը կասկածում են մահապարտ անօդաչուն Լեռնային Ղարաբաղում հայկական զորքերի դեմ կիրառելու մեջ: