Պարգևավճարներ են ստանում նաև ռուս պաշտոնյաները
Տարեվերջին աստղաբաշխական պարգևավճարներ կամ, այսպես ասած, 13 -րդ
աշխատավարձ սիրում են ստանալ ոչ միայն հայ պաշտոնյաները։ Խակասիայի երիտասարդ ղեկավար Վալենտին Կոնովալովը դեկտեմբերի վերջին պարգևավճարներ է բաժանել իր տեղակալներին և մարզային ղեկավարության անդամներին: 14 աշխատող ստացել է աշխատավարձի 200-ապատիկի չափով պարգևավճար՝ «Խակասիայի ղեկավարի հանձնարարությունները հաջողությամբ կատարելու համար»։ Ի դեպ, աշխատողներից շատերը գործի են անցել ընդամենը 1-2 ամիս առաջ:
Օրինակ, «աշխատավարձերի ֆոնդի կրճատման» հաշվին մոտ 1 000 000 ռուբլի պարգև է ստացել փոխմարզպետ Յուլյա Իսմագիլովան, թեև պաշտոնապես ֆիքսվել է 250 000 ռուբլի: Այդ կինն աշխատում է մարզպետարանում դեկտեմբերի 12-ից: Պարզվել է նաև, որ նա երկու անգամ է խոշոր պարգև ստացել: Առաջինը դեկտեմբերի 14-ին է եղել՝ հրամանով աշխատանքի ընդունվելուց 2 օր անց: Երկրորդ անգամ պարգև ստացել է աշխատավարձի 300-ապատաիկի չափով: Իսմագիլովան հերքում է միլիոնների մասին խոսակցությունները և խոստանում հրապարակել իր եկամուտները: