Ես պետք է աշխատեմ մշտապես, իմ ուրախությունը, իմ ապրելու իմաստը երաժշտություն գրելն է. Տիգրան Մանսուրյան
Մշակույթի նախարարության աշխատակիցներն այցելել են Տիգրան Մանսուրյանին՝ շնորհավորելու հայ անվանի երգահանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Պետք է բառերի ընտիր հավաքածու հավաքեմ իմ մեջ, որ սթափությունս չկորցնեմ և ասեմ, որ հուզված եմ: Շատ շնորհակալ եմ, լավ կազմակերպված իրադարձություն էր, իսկապես մարդկայնորեն գեղեցիկ, անչափ: Ես չգիտեմ՝ արդյո՞ք մեր անցյալի մեծերը նմանատիպ նվեր ունեցել են, բայց սա շատ գեղեցիկ է, լավ եք մտածել: Աշխատելու պտուղը պետք է չպակասի, լինի նոր գործ, և ես լինեմ արտադրող, ստեղծագործող: Ես պետք է աշխատեմ մշտապես, իմ ուրախությունը, իմ ապրելու իմաստը երաժշտություն գրելն է: Հուսամ՝ Աստված կնվիրի, եթե մինչև հիմա պահել է: Վերջին տարիներին հեղինակները սովորաբար արխիվն են դասավորում, վերջին շտկումներն են անում, չեմ ուզում դրանցով զբաղվել, ուզում եմ գրել »,- ասել է Մանսուրյանը:
Նրա խոսքով՝ միշտ պետք է մի բան անել, և ինքն անգամ Ամանորի գիշերն է անցկացրել գործիքի, նոտաների հետ:
«Ինքնահիացումի հանգրվանին չհասնե՛լ, սթափությունը չկորցնե՛լ, շնորհակալ եմ, երեխե՛ք»:
Վերջում լրագրողները և աշխատակիցները լուսանկարվեցին Տիգրան Մանսուրյանի հետ: