Փարիզում գողացել են հանրահայտ Բենքսիի աշխատանքը՝ նվիրված 2015թ. ահաբեկչությունների զոհերի հիշատակին
Հայտնի նկարիչ Բենքսիի աշխատանքը, որը նվիրված էր 2015թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչության զոհերի հիշատակին և արված էր Փարիզի «Բատակլան» համերգասրահի պահեստային ելքի դռանը, գողացել են անհայտ անձինք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով համերգասրահի հայտարարությանը Ֆեյսբուքում։
«Այսօր մենք շփոթմունքի մեջ ենք։ Բենքսիի աշխատանքը մտքի մեջ խորասուզվելու մարմնավորումն էր, որը պատկանում էր բոլորին. տեղի բնակիչներին, փարիզցիներին, աշխարհի քաղաքացիներին, այն գողացվել է»,- գրված է Ֆեյսբուքում համերգասրահի պաշտոնական աքաունթում։
Նկարը ողբացող, աչքերը վար հառած և ինչ-որ բանով միանձնուհու նմանվող աղջկա
արձանիկ է, որի գլուխը ծածկված է կապյուշոնով կամ էլ ծածկոցով։ Այն «Բատակլանի» դռանը հայտնվել է 2018թ. ամռանը։ Այդ ժամանակ էլ Բենքսին նկարի լուսանկարը իր աքաունթում տեղադրեց Instagram ցանցում։
«Բատակլանի» թիմը նշում է, որ Բենքսին նկարն արել է հենց այդ դռանը «մի պատճառով. դա նրա ընտրությունն է որպես քաղաքային նկարչի, նրա պոռթկումը՝
հարգելու հիշատակը և սատարելու»։
«Քաղաքային արվեստի էությունն այն է, որպեսզի արվեստի ստեղծագործությանը
կյանք հաղորդի որոշակի միջավայրում, և մենք համոզված ենք, որ այդ աշխատանքը իմաստ ուներ միայն այստեղ, ուստի մենք ցանկացանք այն ազատ թողնել, փողոցում, բոլորին հասանելի վայրում»,- ընդգծում են դահլիճի աշխատակիցները։
Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը համերգասրահ է եկել շաբաթ վաղ առավոտյան, ահազանգն ստանալուն պես։ Իրավապահները «Բատակլանի» տարածք ներխուժում չեն գրանցել, բայց փաստել են, որ Բենքսիի աշխատանքը սղոցվել և գողացվել է։ Մամուլի հաղորդումների համաձայն՝ ոստիկանների կողմից հարցված վկան պատմել է, թե տեսել է դռնից հեռու մի ոչ մեծ բեռնատար։
Բենքսին առեղծված նկարիչ է, «բռնիր ինձ, եթե կարող ես» մարդ, սադրիչ ու կատակաբան, նա փոխել է զանգվածային պատկերացումը փողոցային արվեստի մասին։
Նրա հեգնական ու սրամիտ աշխատանքները՝ ուղղված քաղաքականության, պատերազմի, կապիտալիզմի ու խրատաբանության դեմ, դառնում են լրագրողների,
լուսանկարիչների, վանդալների, քննադատների ու հավաքորդների թիրախը։
2015թ. նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների երեք համակարգված խումբ հարձակումներ գործեց Փարիզում և նրա Սեն Դենի արվարձանում։ Երեք ջիհադական
պայթեցրեց «մահապարտների գոտին» Ստադ դը Ֆրանս մարզադաշտում, որտեղ
ընթանում էր ֆուտբոլի խաղ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջև։ Մյուս խումբը, ենթադրաբար՝ չորս մարդուց բաղկացած, որոնցից մեկը գտնվում էր հետախուզման մեջ, հարձակվեց սրճարանների եւ ռեստորանների վրա Փարիզի
հյուսիս-արեւելքում։ Եվս երեքը պատանդներ վերցրեց «Բատակլան» համերգասրահում։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչությունների զոհ դարձավ 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվեց։