103-ամյա Վերժիկ Խաչատրյանը մահացել է Սոչիում՝ այդպես էլ իշխանություններից բնակարան չստանալով (տեսանյութ)
Այսօր Սոչիի հիվանդանոցում մահացել է 103-ամյա Վերժիկ Խաչատրյանը, որն ավելի քան երկու տարի սպասում էր օրենքով իրեն հասանելիք բնակարանին, տեղեկացնում է
«Կավկազսկի ուզել»-ը։
Ինչպես մինչ այդ գրել էր «Կավկազսկի ուզել»-ը, Վերժիկ Խաչատրյանը 2016թ. հոկտեմբերին, որպես Հայրենական մեծ պատերազմի մասնակցի այրի, հաշվառվել էր որպես բնակարանի կարիքավոր։ Այն ժամանակ նրա համարը հերթում հինգերորդն էր։ Կինն ապրում էր թոռնուհու՝ Էմմա Սահակյանի հետ, Ադլերի Մոլդովկա գյուղում։ Այդ տանը չկան բնակության համար պայմաններ այդքան տարեց կնոջ համար, 2019թ. հունվարի կեսին տեղեկացրել է Սահակյանը։ Կուբանում աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարությունում թոշակառուին բացատրել են, որ բնակարան կստանա այն ժամանակ, երբ այդ նպատակով բյուջեից փող հատկացվի։
Հաղորդումն այն մասին, թե Սոչիի տարեց բնակչուհին մի քանի տարի սպասում է բնակարանի իր օրինական հերթին, ստացվել է հունվարի 18-ին «Կավկասզկի ուզել»-ի
SMS-սերվիսում։ «Իմ տատիկը 103 տարեկան է... Նրան բնակարան է հասնում կամ
վկայական»,- գրել է հաղորդման հեղինակը։
Վերժիկ Խաչատրյանի մասին «Կավկազսկի ուզել»-ում հունվարի 24-ի հոդվածից հետո մի քանի հեռուստաընկերություն այցելեցին տարեց կնոջը թոռան տանը։ Բազմաթիվ հարցազրույցներից հետո տարեց կինն իրեն վատ է զգացել։
«Հունվարի 25-ի երեկոյան իննին մոտ տատիս բերնից արյուն եկավ։ Մենք շտապօգնություն կանչեցինք, և նրան տարան Ադլերի №4 քաղաքային հիվանդանոցի
վերակենդանացման բաժին։ Այսօր ես եկա ընդունելության ժամին՝ 14.00-ին, որպեսզի այցելեմ տատիս, և ինձ ասացին, որ հինգ րոպե առաջ նա մահացել է։ Ես կարծում եմ, որ այդ ամենը տարեց մարդու հանդեպ անխիղճ պաշտոնյաների բազմամյա ծաղրուծանակի արդյունքն է։ Նա այդպես էլ չապրեց մարդկային պայմաններում»,- «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին ասել է Էմմա Սահակյանը։