Ոստիկանությունը գողությունների բացահայտմանն ուղղված համալիր ծրագիր է մշակելու. Օսիպյան (լուսանկար)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 26-ին, մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության
ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական
գործունեության արդյունքները:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված
աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ
կատարել է իր առջև դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների
շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է ընդհանուր օպերատիվ իրավիճակը:
Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում: Բացի այդ, պատկան մյուս գերատեսչությունների հետ համատեղ ոստիկանության ծառայողները ներգրավված են եղել նաև 2018 թ. համապետական և միջազգային նշանակության զանգվածային միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման աշխատանքներում:
Ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թ. օգոստոսից ներգրավվել են մարտական հերթապահության ՀՀ պետական սահմանի պահպանության գործում:
ՀՀ ոստիկանապետը զեկուցել է 2018 թ. հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումների, հանցագործությունների բացահայտման վիճակի և աշխատանքների արդյունավետության, այդ նպատակով ներդրված նոր մեխանիզմների, ինչպես նաև
ոստիկանությունում օրինականության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:
Վ. Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը, հաշվի առնելով հանցավորության շարժընթացում առկա խնդիրները, հանդես է գալու գողությունների, այդ թվում՝
բնակարանային, կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավմանն
ուղղված համալիր ծրագիր մշակելու նախաձեռնությամբ՝ քննարկումներում
ներգրավվելով բոլոր գերատեսչությունները: Ծրագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը: