Մարկը հենց այնպես չի ապրել. Լուսինե Բադալյանն ու Ժակը` Մարկ Սաղաթելյանի մասին հուշերով
Մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` խոսելով Մարկ Սաղաթելյանի մասին: Ինչպիսին է հիշում Մարկին, դրվագներ իրենց համագործակցությունից: Այս ամենի մասին հաղորդավարուհին ասաց. «Այն վիճակն է, երբ ուղղակի խոսքեր չկան: Անսահման տխուր ենք: Երևի նրան այդքան ժամանակ էր տրված ապրելու: Մի անգամ նրան հաջողվեց «խաբել», խույս տալ այդ իրավիճակից (նկատի ունի 2012-ի ավտովթարը-հեղ.), բայց ճակատագրից չես փախչի: Գոնե ուրախ ենք, որ այդպիսի մարդ ապրել է, որ հասցրել ենք համագործակցել, հասցրել ենք որոշ ժամանակ վայելել նրա ընկերասիրությունը, պարզսրտությունը: Գոնե դրա համար շատ ուրախ ենք, շատ բան սովորել ենք: Վերջում էլ այնպիսի տպավորություն էր, որ նա կանխազգում էր»:
Հարցին, թե ինչպիսին կմնա Մարկը Լուսինեի հիշողություններում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ հիշողությունները երեկվանից շատ խառն են. կմնա այնպիսին, ինչպիսին մենք միասին մասնակցել ենք «Երկու աստղ» նախագծում, ինչպիսին ինքը մեզ օգնեց մեր համարներից մեկը զարդարել իր ներկայությամբ, այնպիսին, ինչպիսին ինքն ուրախ էր, երջանիկ, որպիսին իրեն տեսել ենք, համենայնդեպս մինչև ավտովթարը, որից հետո, առողջական խնդիրների պատճառով շատ բաներ փոխվեցին տրամաբանության, կյանքի ընկալման մեջ: Կհիշենք ուրախ, զվարթ այն Մարկին, ում մենք տխուր ու դաժան տարիներին նայելով ուրախացել ենք: Այ այդպիսին էլ Մարկը հաստատ կմնա: Ասում են` մարդն ապրում է այնքան, ինչքան նրան հիշում են: Քանի մենք կանք, Մարկը միշտ կա: Միակ սփոփող միտքն այն է, որ մարդը հենց այնպես չի ապրել, եղել է երջանիկ, բազմաթիվ բուռն պահեր է ունեցել»:
Զրույցին ներկա էր նաև հեռուստառադիոհաղորդավար Ժակը, ով համոզմունք հայտնեց, որ մեզանից բացի ևս երկու սերունդ Մարկին անպայման կհիշի. «Մարկը և իր կերտած կերպարները կհիշվեն ևս երկու սերնդի կողմից: Շատ է խոսվել հատկապես դժվար տարիներին կոնկրետ նրա կողմից արված քայլերի մասին` մարդկանց ժպտալ տալու, ուրախացնելու: Դա էլ երևի չի մոռացվի: Այո, շատ ցավալի է, որ երիտասարդ տարիքում է հեռանում այսպիսի շնորհալի մարդ և ցավալի է, որ էլ հնարավորություն չենք ունենա վայելելու այն գրագետ հումորը, որը նա մատուցում էր: Լինելով կիրթ, գրագետ մարդ, այդ ամենի վրա կառուցում էր իր հումորը, որն առողջ ծիծաղ էր առաջ բերում: Ցավալի է, որ մեր ընկերոջն այսքան վաղ կորցրինք»:
Խոսելով Մարկի հետ կապված հիշողությունների մասին` Ժակը ևս հիշեց «Երկու աստղ» նախագիծը. «Հատկապես այդ նախագծի շրջանակներում շատ ապրումներ ենք ունեցել: Մարկը մեր ու բոլորիս հիշողություններում կմնա իր ելույթներով, դրվագներով: Կմնա որպես կազմակերպված, բարի մարդ, իր քաղաքի ու հայրենակիցների համար մտահոգվող: Համենայնդեպս, վերջին օրերին նրա ֆեյսբուքյան գրառումները, եթե կարդանք, այդ մտահոգությունները կարելի էր նկատել»:
«Կարճ, պայծառ, վառ կյանք է ունեցել»,- միաբերան եզրափակում են հաղորդավարները:
Զրուցեց Աստղիկ Հովհաննիսյանը