Մահացել է Միշել Լեգրանը
Կյանքի 87-րդ տարում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հաղորդել է նրա խոսնակը: Միշել Լեգրանը կինոյի և հեռուստաֆիլմերի ավելի քան 200 երգերի հեղինակ է:
Միշել Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին, Փարիզում: Հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: 1942-49 թթ. դաշնամուր, գիր և գրականություն է սովորել Փարիզի կոնսերվատորիայում, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: 1950թ-ից աշխատել է աշխարհահռչակ ջազ-վարպետների հետ: 1952թ. Դիզի Գիպելսիի եվրոպական համերգների համար գրել է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն: 1951թ. գրել է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար և սկսել է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի գործունեությունը՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ:
Մորիս Շևալիեն նրան առաջարկել է դիրիժորի աշխատանք: 1954թ., ամերիկյան «Կոլումբիա» ընկերության խնդրանքով, կրկին ֆրանսիական ջազի դասախոսություններ է կարդացել: «Ես սիրում եմ քեզ, Փարիզ» (1954թ.) ձայնասկավառակը մեծ հաջողության է հասել՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով, որից հետո կոմպոզիտորը ձեռք է բերել միջազգային համբավ: 1957թ. Մոսկվայի համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել: «Legrand Jazz» սկավառակի համար 1958թ. Նյու Յորքում ձայնագրություններ է կատարել Մայլս Դևիսի, Ջոն Կոլտրեյնի և Բիլ Էվանսի հետ՝ այդպիսով դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից: Հաջորդ տարի բաս-կիթառահար Գայ Փեդերսենի հետ թողարկել է հաջորդ ձայնասկավառակը` «Փարիզ-Ջազ-Դաշնամուր»: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ, թատերական ներկայացումների երաժշտություններ:
Ավելի շատ հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964թ.) ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին: Հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակներ:
2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն»-ի շքանշանի, 2009թ.՝ Հայաստանի Պատվո շքանշանի: