ԱՄՆ-ում շուտով գործարկվելու է ռոբոմարտ «մթերային խանութն անիվների վրա» (լուսանկար)
Ռոբոմարտը, որը ստարտափի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Ալի Ահմեդի բնորոշմամբ «աշխարհի առաջին ինքնավար մթերային խանութ է անիվների վրա», կսկսի աշխատել ԱՄՆ-ում ավելի ուշ այս տարի։ Սան Ֆրանցիսկոյում հիմնված ստարտափի հետ պայմանագիր է կնքել ամերիկյան Stop & Shop մթերային խանութների ցանցը։ Մինչև այս Ռոբոմարտը փորձարկումներ էր անցնում Կալիֆորնիայում։ Ռոբոմարտի վերջին նորությունների մասին NEWS.am-ը զրուցել է ստարտափի համահիմնադիր ու գլխավոր տեխնիկական տնօրեն Տիգրան Շահվերդյանի հետ։
Շարժական մթերային խանութների ռոբոտիզացված համակարգի՝ Ռոբոմարտի, այսինքն՝ Ձեր ստարտափի հետ պայմանագիր է կնքել ԱՄՆ ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկը՝ Stop & Shop-ը։ Կպատմես մանրամասները, կա՞ արդեն իրական ծառայություն, ինչպե՞ս են հաճախորդները ընդունել առաջին հայացքից ֆանտաստիկայի ժանրից թվացող այս նորամուծությունը։
Մենք այժմ փորձարկումների փուլում ենք։ Սա կլինի մեր առաջին պայմանագրային տեղակայումը:
Ռոբոմարտը միանգամից մի քանի յուրահատկություն ունի։ Օրինակ տեխնիկայի վաճառասրահում մարդկանց համար տարբերություն չկա, թե ցուցափեղկից, որ հիշողության քարտը, ականջակալը կամ մեկ ուրիշ բան կգնեն, իսկ ռոբոմարտը ինքնավար "մթերային խանութ է անիվների վրա", իսկ մթերքը գնորդը սիրում է "ջոկել": Բայց թարմ մթերքը արագ փչանալու հատկություն ունի։ Ինչպես եք այս և այլ յուրահատուկ խնդիրները լուծել։
Շատ ճիշտ նկատեցիք։ Սպառողների մեծամասնությունը նախընտրում է մթերքն անձամբ տեղում ստուգել ապա գնում կատարել։ Ռոբոմարտը ունի սառեցման համակարգ, որը ներքին ջերմաստիճանը պահում է պահանջվող մակարդակի վրա և համալրվում է ապրանքով օրը մի քանի անգամ:
Գործնականում ինչպես է տեղի ունենում Ռոբոմարտի ու գնորդի «հանդիպում-շփումը», և կարո՞ղ է արդյոք հաճախորդը «խանութը կանչել», բայց գնում չկատարել։
Լավ հարց է։ Սպառողը ռոբոմարտին կանչելու է հավելվածի միջոցով, ինչպես օրինակ դա արվում է gg-ի կամ Uber–ի դեպքում։ Երբ ռոբոմարտը ժամանի, սպառողը սմարթֆոնին հաղորդագրություն կստանա, որ «խանութը» դրսում սպասում է։ Սպառողները կարող են ռոբոմարտի դռները բացել միայն հավելվածի միջոցով։ Մեր համակարգը կգրանցի այն ամենն, ինչը կվերցնի հաճախորդը։ Գնումից հետո հավելվածի վրա սեղմվում է «ավարտված է» կոճակը, ինչից հետո ռոբոմարտի դռները կփակվեն, համակարգը կուղարկի վճարման անհրաժեշտ կտրոնն ու գանձում կկատարի քարտից։ Առանց գնում կատարելու նպատակով «խանութ» կանչող հաճախորդների քարտից հնարավոր է «գնման չեղարկման» գումար։