«Ռուսական գործով» ձերբակալել են Թրամփի նախկին խորհրդականին
Ֆլորիդա նահանգում «ռուսական գործով» ձերբակալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի տարածած հայտարարությանը:
Նախնական տվյալներով՝ Սթոունին մեղադրում են նաև կեղծ վկայություն տալու, վկաների վրա ճնշում գործադրելու և արդարադատությանը խոչընդոտելու համար: Reuters-ը հստակեցնում է, որ Սթոունին ընդհանուր առմամբ 7 մեղադրանք է առաջադրվել:
Դատախազ Մյուլլերը Թրամփի նախկին խորհրդականին վաղուց էր կասկածում, բայց մեղադրանք չէին առաջադրում: Այսօր կկայանա Թրամփի նախկին խորհրդականի առաջին դատը:
Դատախազ Ռոբերտ Մյուլլերը զբաղվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական կողմի ենթադրյալ միջամտության գործի հետաքննությամբ: Պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի վրա ռուսական կողմի ազդեցության վերաբերյալ լուրերը: