Կրասնոյարսկում աշակերտը հրաձգություն է բացել դպրոցի ուղղությամբ
ՌԴ Կրասնոյարսկի մարզի Ենիսեյան շրջանի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտը հրաձգություն է բացել դպրոցի մերձակայքում, հայտնում է «360» հեռուստաալիքը՝ մեջբերելով ականատեսների նկարագրությունները:
Նախ տղան փորձել է զենքով մտնել դպրոց, սակայն նրան կանգնեցրել է հերթապահը: Տղան դուրս է եկել և կրակ բացել դպրոցի պատուհանների ու մոտակայքում կայանած մեքենաների ուղղությամբ:
Հեռուստաալիքի հետ զրույցում դպրոցի աշակերտներից մեկը պատմել է, որ այդկերպ տղան փորձել է վրեժ լուծել իրեն ծեծած դասընկերներից մեկից: Տղան կրակել է դասընկերոջ ուղղությամբ, սակայն գնդակը չի դիպչել: Տղան հասցրել է փախչել:
Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հրաձգություն բացած տղան հոգեկան խանգարում ունի, սովորում է հանրակրթական դպրոցում: Նրա հայրն ու մայրը զրկված են ծնողական իրավունքներից: Տղան եղբոր և երկու քրոջ հետ տատիկի ու պապիկի խնամակալության տակ է գտնվում: