Ռոտերդամում մեկնարկել են Փարաջանովյան միջոցառումները
Հունվարի 24-ին՝ երեկոյան, Ռոտերդամի սբ․Արմինիուս եկեղեցում բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված «Կինոյի տաճարը» ցուցահանդեսը (ինստալացիա ձևաչափով)։
Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ծրագրի հեղինակ, պրոդյուսեր Դենիել Բըրդը: Բացման խոսքով հանդես են եկել Ռոտերդամի փառատոնի ծրագրերի ղեկավար Էդվին Կարելսը, ծրագրի հեղինակ Դենիել Բըրդը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և այլք։
Ցուցադրանքում ընդգրկված են փարաջանովյան հարուստ նյութեր, մասնավորապես, «Նռան գույնը» ֆիլմի (1969) հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ նորովի մատուցմամբ։