Խորհրդային տարիներին կար պետական մարմին, որն արգելում էր ռաբիսի տարածումը, հիմա դա չկա. Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծննդյան 80-ամյակի առիթով այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը չնայած տարիքին՝ շարունակում է աշխատել, իր պարտքն է համարում հայկական հոգևոր ստեղծագործությունները, միջնադարյան աղոթքներն ու շարականները հայ ժողովդին հասանելի դարձնելը:
«Պետք է կարողանալ մեղեդիներ գոյացնել, որպեսզի ազգային մշակույթը կապվի ժողովրդի հետ»,-ասել է Մանսուրյանը` նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հանրության մեջ տարածվել է ռաբիս երաժշտությունը: Խորհրդային տարիներին կար պետական մարմին, որն արգելում էր ռաբիսի տարածումը հանրության մեջ, սակայն հետո հանվեց այդ արգելքը, և յուրաքանչյուր ոք իր ձևով է փոխանցում երաժշտությունը, ինչն իջեցնում է հանրության ճաշակը:
Այդ պատճառով կոմպոզիտորն ափսոսում է, որ բարձրաճաշակ երաժշտությունը քիչ է հասանելի լինում հասարակությանը:
«Ես երկու իրականությունների միջով եմ անցել` սովետական և հետսովետական: Սովետական մարդը չգիտեր, որ կա նաև այլ ժամանակաշրջան»,-ասել է մաեստրոն: