Թրամփի փեսային երկու անգամ մերժել են պետական գաղտնիք համարվող տեղեկության տրամադրման հարցում. NBC
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին, երկու անգամ մերժել են պետական նշանակության հույժ գաղտնի տեղեկության տրամադրման հարցում, այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Նշվում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն ու Սպիտակ տան՝ անվտանգության համար պատասխանատու աշխատակիցները հրաժարվել են հասանելի դարձնել Քուշների համար պետական գաղտնիք համարվող տեղեկությունները:
Ըստ աղբյուրի՝ Քուշներին մերժելու պատճառը եղել է այն, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, որը ստուգում է պետական գաղտնիք համարվող տեղեկությունը ստանալ փորձող անձանց անձնական պատմությունն ու նրանց տվյալները, լուրջ կասկածներ ունի Թրամփի փեսայի միջազգային լայն կապերի հետ կապված:
Ընդ որում՝ հեռուստաալիքը հայտնում է, որ 2017 թվականին, այնուամենայնիվ, Քուշներին հաջողվել է մոտ 30 անգամ ստանալ որոշակի տեղեկություններ, որոնք, սակայն, գաղտնի չեն համարվում: Իսկ ահա պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրման հարցում նախագահի փեսային մերժել են: