Մոսկվան կոչ է անում բոլոր երկրներին հրաժարվել Վենեսուելայում զինված միջամտության գաղափարից․ Լավրով
Մոսկվան կոչ է անում բոլոր երկրներին կտրականապես հրաժարվել Վենեսուելայում զինված միջամտության գաղափարից: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մասնավորապես մտահոգիչ են ազդանշանները, որոնք հնչում են որոշ մայրաքաղաքներից՝ այն թեմայով, որ դրսից զինված միջամտությունը չի բացառվում: Մենք կոչ ենք անում կտրականապես հրաժարվել նման մտքերից», - ընդգծել է նա:
«Ավելորդ անգամ համոզվում ենք, թե ինչպես է Միացյալ Նահանգները, որը պարանոիկ կերպով անհանգստանում է, երբ իբր ինչ-որ մեկը միջամտում է իր ընտրություններին՝ ոչ մի ապացույց չունենալով իր ձեռքում, իրենք իսկ հերթական անգամ՝ սա առաջին դեպքը չէ վերջին ամսվա ընթացքում, Վենեսուելայում դա անում են չափազանց կոպտորեն`փորձելով հանդես գալ որպես այլ ազգերի ճակատագրի տնօրինողներ։ Մինչդեռ իրականում նրանք պարզապես միջամտում են նրանց ներքին գործերին», - նշել է նախարարը: «Այստեղ Մյուլլերի ոչ մի հանձնաժողով չկա (ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը վարում է 2016-ին ամերիկյան ընտրություններում Ռուսաստանին վերագրված միջամտության հետաքննությունը), եւ նույնիսկ ստեղծել էլ պետք չէ»:
Այն փաստը, որ Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ երկրներ՝ առաջին հերթին, տարածաշրջանի երկրները, անհապաղ ճանաչում են նախագահի ինքնահռչակ ժամանակավոր պաշտոնակատարին, խոսում է միայն այն մասին, որ նրանք ուղղակիորեն մատը դրել են երկիշխանության արհեստական ստեղծման վրա, որը հղի է քաոսով եւ ներքաղաքական իրավիճակի շատ լուրջ ապակայունացմամբ», - հայտարարել է Լավրովը՝ Ալժիրի արտաքին գործերի նախարար Աբդելքադեր Մեսախելի հետ բանակցությունների արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք դիմում ենք Վենեսուելայի ընդդիմությանը՝ ընդդիմության, որը հուսով եմ, որ իր երկրի ազգային շահերը դնում է առաջին տեղում, այլ ոչ թե խաղաքարտ է դառնում օտարի կեղտոտ, հանցավոր խաղի մեջ», - ասել է Լավրովը: