Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետը
Հայաստանի Հանրապետության վարչապետի
պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական
ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն:
«Ձերդ գերազանցություն,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Թավշյա հեղափոխությունն ըստ արժանվույն պսակվեց ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրություններով: Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններն աննկատ չեն անցել:
Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում և վստահ եմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցել կառուցողական ոգով:
Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) շրջանակում: Համոզված եմ, որ այն կհանգեցնի դրական արդյունքների: Ակնկալում եմ այս և նաև այլ հարցեր քննարկել Ձեզ հետ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնց Դուք կհանդիպեք թավշյա հեղափոխության ձեռքբերումների ամրապնդման ճանապարհին», – նշված է ուղերձում: