Կոնգրեսն արգելել է Թրամփին դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ից
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել պետական միջոցները Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այլ կերպ ասած՝ օրինագիծն արգելափակում է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու ֆինանսավորումը։
Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են մրցակից երկու կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22-ը։
Փաստաթուղթը Կոնգրես էր ներկայացվել հունվարի 17-ին, իսկ արդեն հունվարի 22-ին՝ դրվել քվեարկության։
Կոնգրեսը չի կարող պաշտոնապես արգելել Թրամփին դուրս գալ բլոկից, սակայն կարող է արգելափակել այդ նպատակի ֆինանսավորումը։ Օրինագիծը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամներին պաշտպանական նպատակների համար ծախսել խոստացված ՀՆԱ 2 տոկոսը։
Որպեսզի փաստաթուղթն օրենքի ուժ ստանա, այն պետք է քվեարկության դրվի նաև Սենատում, իսկ այնուհետև ուղարկվի նախագահի մոտ՝ ստորագրման։ Թրամփը կարող է դրա վրա վետո կիրառել, որը Կոնգրեսը կարող է շրջանցել, եթե հավաքի բավարար թվով ձայներ։