Գրողների միությունում տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի «Մեղուները» և «Սիլվա Կապուտիկյան 100» գրքի շնորհանդեսները
եծանուն գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում հնչեցին երգեր հեղինակի բանաստեղծությունների հիման վրա, ընթերցվեցին Կապուտիկյանի հանրահայտ գործերը, տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ և իրենց ելույթներով Կապուտիկյանին շնորհավորեցին ականավոր գործիչները:
Գրական-գեղարվեստական հանդիսությունն անցկացվեց հունվարի 22-ին Հայաստանի գրողների միությունում:
Ցերեկույթին ընթերցվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը, որում ասվում էր, որ քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով Կապուտիկյանը դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան: «Քսանչորս տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» բանաստեղծությամբ նա համազգային ճանաչում և ընդունելություն ձեռք բերեց: Բանաստեղծությունը դարձավ հայրենասիրության և հայապահպանության կարգախոս թե’ մայր հայրենիքում, թե’ սփյուռքում:
Դեռևս հեռավոր 1959 թվականից նա լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին` հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը: Կապուտիկյանն ամբողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով: Նրա արձակը, հրապարակախոսությունը, հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության: Համոզված եմ, որ նոր սերունդն ուսանելի շատ բան կգտնի դրանցում»,-նշված էր ուղերձում:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Կապուտիկյանն անցել է գրական մեծ ճանապարհ: «Շուրջ 25 գրքերի, բազմաթիվ թարգմանված ժողովածուների և հատորների հեղինակ է` լայնորեն ճանաչված և սիրված նաև սփյուռքում: Ես տեսել եմ, թե Մոսկվայում ինչ սիրով էին արտասանում նրա բանաստեղծությունները: Նրա գիրն ընդգրկուն է` լայն թեմատիկայով»,-ներկայացրեց Միլիտոնյանը: Միության նախագահը հավելեց, որ Կապուտիկյանը խիզախ հայ կնոջ կերպար էր և խիզախ էր նաև իր նկատմամբ:
«Սիլվա Կապուտիկյանն առանձնահատուկ է, որովհետև պոեզիայի աշխարհում կանայք շատ քիչ են: Հայ ազգը բախտավոր է, որ կարողացավ Եղեռնից հետո ժայթքել մի հրաբուխ, որի անունն է Սիլվա Կապուտիկյան: Նա հզոր է նրանով, որ բազմաժանր հեղինակ է: Ինչպես պոեզիայի, այնպես էլ արձակի առումով նա աներևակայելի մեծ հունձք ապահովեց ու կարևոր է, որ համաշխարհային ընթերցողը ճանաչեց նրան»,-նշեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը:
Նրա խոսքով` Կապուտիկյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, և թանգարանի գործառույթներից է բազմապատկել թարգմանությունները: «Այս տարի նախատեսվում են ցուցահանդեսներ, ֆիլմ նկարահանելու հեռանկար կա, կկազմակերպենք կապուտիկյանական թեմաների նկարազարդումներով կոնյակի, կոնֆետների արտադրություն»,-ներկայացրեց Դեմիրճյանը::
Միջոցառմանը երաժշտական համարներով հանդես եկան Ռուբեն Սահակյանը, Մարիաննա Ավետիսյանը, Արմեն Դանիելյանը: Տեղի ունեցան «Մեղուները», որը նկարազարդել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող երեխաները, և «Սիլվա Կապուտիկյան 100» գրքերի շնորհանդեսները: