Բաքվի իշխանությունները փորձում են սահմանափակել ընդդիմադիրների՝ ցույց անելու հնարավորությունները
Բաքվի ոստիկանության վարչությունը հայտ է ուղարկելու քաղաքային իշխանություններին՝ ադրբեջանական «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» նախաձեռնության հավաք-ցույցերն այսուհետ արգելելու միջնորդությամբ։ Այս մասին հայտնել է Բաքվի ոստիկանապետը։ Խոսքը այն խմբի մասին է, որ կազմակերպել էր օրերս անցկացված խոշորագույն ցույցերը՝ քաղբանտարկյալների ազատման պահանջով։
Ոստիկանապետի հայտարարության համաձայն՝ այդ ընդդիմադիր խումբը վերջին ցույցերի ժամանակ ցուցադրել է իր «իսկական դեմքը» ու փորձել անկարգություններ հրահրել մայրաքաղաքում։ Միջնորդությամբ առաջարկվում է այդ խմբի կազմակերպած ցույցերին թույլտվություն չտալ, քանի դեռ նրանք չեն սովորի կառավարել իրենց հավաքները։
Ցույցերը, սակայն, այսօր արդեն դադարել են, քանի որ Ադրբեջանի իշխանությունները որոշել են «զիջման» գնալ։ Իլհամ Ալիևի հրահանգից հետո երկրի դատախազությունն ու քննիչները դադարեցրել են այս ցույցերի պատճառ դարձած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի դեմ նոր մեղադրանքի առաջադրումը, և նա գարնան սկզբին դուրս կգա բանտից։ Սակայն նա ընդամենը մեկն է երկրի 100-ից ավելի քաղբանտարկյալներից։
Նրա հացադուլից հետո նրան միացած մյուս հացադուլավոր քաղբանտարկյալները այս պահին շարունակում են իրենց հացադուլները, իսկ Ադրբեջանի իշխանությունները իրենց «մարդասիրությունը» ցույց տալուց հետո հիմա գնում են նոր ճնշումների գործադրման ճանապարհով։