Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում՝ ես միայնակ չեմ կարող այս պայքարը իրականացնել. Արմեն Մարտիրոսյան
«Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունից դուրս չի գալիս… Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի կողմից ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին ժամանակահատվածում պասիվ քաղաքական իրադրություններում. «Ժառանգությունը» երբեք պասիվ չի եղել, որ ակտիվանա: Մենք շարունակում ենք պայքարը նոր թափով' նոր սահմանադրության, արդարադատության նոր համակարգի, ազատ մրցակցային նոր տնտեսության համար»,-հավելեց նա:
Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ պետք է միասնական ջանքերով երկիրը դուրս բերել ստեղծված ծանր իրավիճակից, հակառակ դեպքում՝ ամեն մեկը կառաջնորդվի միայն իր անձնական շահով . «Մենք ի սկզբանե ասել ենք, որ սա երկարատեւ պայքար է: Սա մեկ օրվա պայքար չէ: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում՝ ես միայնակ չեմ կարող այս պայքարը իրականացնել, բայց պատրաստ եմ բոլորի հետ համահավասար այս պայքարը տանել»: