Արվեստ ստեղծողը մենք ենք, ոչ թե նախարարությունը. քանդակագործ Լևոն Թոքմաջյան
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանին մտահոգում է նոր իշխանավորների մի մասի պահվածքը: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ հեղափոխությունից հետո մարդիկ ակնկալում էին՝ թեկուզ մի քիչ պիտի բարելավվի իրենց վիճակը, ու հանկարծ տեսնում են, որ նորից մանկապարտեզներ են փակվում, պաշտոնյաներն իրենք իրենց պարգևատրում են:
«Չէ՞ որ նոր իշխանություն է, նոր կառավարություն, սա նշանակում է, որ կադրային քաղաքականության մեջ սխալ ունի, այդ մարդիկ հենց իրենք են կառավարությանն անպատվում, ու դրա կողքին կուսակցության ղեկավարն ասում է` ամեն ինչ թույլատրելի է, միակ ձեռքբերումն այն է, որ մենք հիմա ամեն ինչ իմանում ենք, առաջ չէինք իմանում, գուցե դա էլ ձեռքբերում է, բայց հիմա ավելի ենք նեղվում»,- ասաց նա:
Թոքմաջյանը նշեց, որ համաձայն է` Մշակույթի նախարարությունը դառնա վարչություն, միայն թե աշխատեն: Նա կարծում է, որ այս դեպքում քանակը որակ չի ստեղծում, թող լինեն յոթ, տասը հոգի, բայց արվեստագետների ու վարչության կապը պետք է պարզ լինի, պետք է լինի որոշակի տրամաբանություն:
«Մայկաների վրա գրում էին «Արի՛ տուն», սփյուռքահայ բարեկամներս ծիծաղում էին, ասում էին` պետք է գրեն «Արի՛, փող բեր», օպտիմալացում պետք է լինի, որ ավելի լավ աշխատեն, հանուն հանրության, մշակույթի, հուշարձանների պահպանության: Ի վերջո, արվեստ ստեղծողը մենք ենք, մեր փոխարեն նախարարությունը չի ստեղծելու»,- նշեց նա: