«Նա ոչ ոքի չի խանգարում, թող իր համար պառկած մնա». ՌԴ պետդումայի ներկայացուցիչները հայտնել են Լենինի մարմինը հողին հանձնելու շուրջ իրենց կարծիքը
Վլադիմիր Լենինի մարմինը հողին հանձնելու հարցը Պետդումայի պատգամավորների մոտ ոչ միանշանակ արձագանք ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսօր՝ հունվարի 21-ին, լրանում է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինի մահվան 95-րդ տարին:
Մահից հետո Լենինի մարմինը զմռսել և տեղադրել են Կարմիր հրապարակում գտնվող դամբարանում, որտեղ և գտնվում է մինչ այժմ: Ըստ գործակալության՝ ամեն տարի հեղափոխության հետ կապված հիշարժան ամսաթվերին Ռուսաստանում Լենինի մարմինը հողին հանձնելու շուրջ խոսակցություններ են լինում:
ՌԴ կոմունիստական կուսակցության կենտկոմի նախագահի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Յուրի Աֆոնինը կարծում է, որ Լենինի մարմինը «պատմական հուշ» է: Նրա կարծիքով՝ ռուսների մեծ մասը հեղափոխական գործչի մարմինը հողին հանձնելուն դեմ հանդես կգա:
«Ես կարծում եմ, որ երկիրն առանց այդ էլ շատ ներքին խնդիրներ ունի: Նման խոսակցություններ հրահրողները ցանկանում են միայն պառակտել հասարակությունը»,- ասել է պատգամավորը:
ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Նիլովն էլ կարծում է, որ Լենինը բացասական հերոս է:
«Լենինը, միանշանակ, կարկառուն գործիչ է, սակայն մենք նրան որպես բացասական հերոսի ենք վերաբերվում, որին օգտագործելով Ռուսաստանում կարողացան հեղաշրջում իրականացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ կգա ժամանակը, երբ Լենինին կթաղեն:
Պետդումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովն էլ նշել է, որ դա արդիական հարց չէ և բարձրացվում է միայն այն ժամանակ, երբ երկրում վատթարանում է հասարակական-տնտեսական իրավիճակը, և պետք է շեղել հասարակության ուշադրությունը:
«Լենինը ոչ ոքի չի խանգարում, թող իր համար պառկած մնա: Կգա ժամանակը, երբ սերունդները կորոշեն՝ ինչպես վարվել նրա հետ»,- ասել է Եմելյանովը: