Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է հուսալի գործընկեր մնալ. Լուկաշենկո
Աշխարհի տասը պետության՝ այդ թվում Հայաստանի դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Ինչպես նշում է sb.by կայքը, դիվանագետներին ուղղված ողջույնի խոսքում նախագահը նշել է, որ Բելառուսը պատրաստ է Արևմուտքի, Արևելքի, Հարավի ու Հյուսիսի հետ համագործակցության:
Մասնավորապես՝ Հայաստանի մասով Լուկաշենկոն ասել է. «Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում՝ հիմնական միություններում՝ Եվրասիական տնտեսական միությունում ու ՀԱՊԿ-ում»:
Բելառուսի նախագահը հավելել է, որ Մինսկը մտադիր է ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը, ինչպես նաև պատրաստակամ է մասնակցել հայ եղբայրներին ու ընկերներին հետաքրքրող ցանկացած նախագծի, այդ թվում` ՀՀ տարածքում:
ՀՀ նախագահի 2018թ. օգոստոսի 15-ի հրամանագրերով Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը: