Մակրոնի փոստարկղը հայտնվել է հաքերների կողմից հրապարակված էլեկտրոնային հասցեների շարքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական էլեկտրոնային փոստի հասցեն եղել է հինգշաբթի օրը հաքերների կողմից հրապարակված Gmail ծառայության 773 միլիոն էլփոստերի հասցեների շարքում, հաղորդում է Le Journal du Dimanche պարբերականը:
Ըստ պարբերականի, Մակրոնը Ելիսեյան պալատ տեղափոխվելուց հետո այդ հասցեն պահպանել է: Նախագահի վարչակազմը հաստատել է նման ակաունտի գոյությունը, որը նախագահն օգտագործել է մասնավոր նամակագրության համար: Սակայն, հաստատված չէ չարագործների կողմից գաղտնաբառը պարզելու փաստը:
Ելիսեյան պալատում վստահեցրել են, որ նախագահի տեղեկատվական անվտանգությանը ոչինչ չի սպառնում: «Գաղտնաբառը պարբերաբար փոխվում է և այժմ պետության ղեկավարը երկփուլանի վավերացում է օգտագործում»,- նշել են Մակրոնի շրջապատում:
Ինչպես տեղեկացնում է BFM հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահը վստահելի շփման համար բոլոր տվյալները կոդավորելու ֆունկցիա ունեցող պաշտպանված սմարթֆոն է օգտագործում: