Անկարան մեղադրանք է առաջադրել ԱՄՆ դիվանագիտական առաքելության նախկին աշխատակցին
Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի քաղաքացու՝ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Մեթին Թոփուզի նկատմամբ, հաղորդել է թուրքական Hurriyet-ը։
2017թ. վերջում, այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը խորն անհանգստություն է հայտնել Թոփուզի ձերբակալման կապակցությամբ՝ նրա դեմ մեղադրանքները համարելով անհիմն և Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունները խաթարող, երկու երկրների միջև ծագեց վիզային ճգնաժամ։ Թոփուզը մեղադրվում է սահմանադրական կարգը խախտելու, լրտեսական գործունեության և Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեջ։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Թոփուզը սերտ կապեր է ունեցել Թուրքիայի իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների հետ, որոնք, Անկարայի կարծիքով, կապ ունեն ընդդիմադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ դիվանագիտական առաքելության նախկին աշխատակցի դեմ մեղադրական եզրակացությունը կքննարկի դատարանը։
Թուրքիայի իշխանությունները FETO կազմակերպությանը մեղադրում են 2016 հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ։ Ինքը՝ ԱՄՆ –ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և մերժել մեղադրանքները։ Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ից նրա արտահանձնմանը։