Կարծում եմ՝ Ադրբեջանին պետք էի ներքին օգտագործման, ադրբեջանական համեմատաբար անկիրթ շերտի համար. Ալեքսանդր Լապշին
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստան ժամանելու հաջորդ օրը հասցրել է հարցազրույց տալ Հանրայինի «Լուրեր» հաղորդաշարի տաղավարում: Նա նախ նշել է, որ արդեն 4-րդ անգամն է Հայաստանում, այս անգամ այստեղ է եկել որպես զբոսաշրջիկ և երկրում տեղի ունեցած փոփոխություններին ծանոթանալու համար 1,5 ամիս ունի:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, գտնվում է Հայաստանում:
Հարցազրույցի ընթացքում նա խոսել է Բաքվի բանտում ենթարկված կտտանքների, բռնությունների շղթայի, արցախյան հիմնախնդրի կարգավորման՝ ադրբեջանական ու բլոգերային պատկերացումների մասին:
«Կարծում եմ, որ Ադրբեջանին ես պետք էի ներքին օգտագործման համար, ադրբեջանական համեմատաբար անկիրթ շերտի համար: Նրանք ուզում էին ցույց տալ, որ Իլհամ Ալիևի ռեժիմը, որն, առաջին հերթին, հայտնի է բռնապետությամբ իր իսկ ժողովրդի հանդեպ, դեռ ինչ-որ բանի ունակ է», - նշել է Լապշինը՝ անդրադառնալով իր հասցեին սոցցանցերում երբեմն հնչող ադրբեջանական սպառնալիքին: