Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են․ HRW
«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 100-ից ավելի երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 674 էջանոց զեկույց է հրապարակել։
Զեկույցում նշվել է, որ թեև Թուրքիայում «արտակարգ դրության» ռեժիմը վեց ամիս առաջ չեղարկվել է, սակայն նախագահ Էրդողանի բռնակալ իշխանությունը փոփոխության չի ենթարկվել, և ոչ մի հույս չկա, որ երկրում նորից կսկսեն հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում արդեն օրինաչափություն է դարձել ընդդիմադիրներին ահաբեկչության հետ կապի մեջ մեղադրելն ու նրանց կամայականորեն երկար ժամկետով կալանքի տակ պահելը։ Այս մասին հայտնում է Еrmenihaber-ը։
HRW-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ընտրություններն արդար չեն ընթանում։ 2018թ․ հունիսին անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ մամուլը գրաքննության ենթարկվեց։ Ընտրություններն անցկացվեցին որոշ պատգամավորների և նախագահի մեկ թեկնածուի ազատազրկման պայմաններում։ «2016թ․ հունիսին մտցված «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում հանրապետության նախագահն ու նախարարների կաբինետը իրավունք ունեն առանց խորհրդարանին դիմելու և առանց Սահմանադրական դատարանի արգելքին հանդիպելու նոր օրենքներ ընդունել։ Այս կերպ ընդունված մի շարք «օրենքի ուժ ունեցող որոշումներ» (KHK) ոտնահարում են մարդու իրավունքներրը և հակասում մարդու իրավունքների վերաբերյալ Թուրքիայի ստորագրած միջազգային պայմանագրերին»,-ասված է զեկույցում։
Դատական համակարգը և մամուլը իշխանությունների ճնշման տակ է գտնվում։ Նշվում է, որ իշխանությունների պահանջով ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները մեղադրվում են ահաբեկչության հետ կապի մեջ, նրանց նկատմամբ հետաքննություններ ու դատավարություններ են սկսվում, կալանավորման ու ազատազրկման որոշումներ են կայացվում։