Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի սգո միջոցառում (լուսանկար)
Ստամբուլի Շիշլի թաղամասում «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության դիմաց այսօր՝ հունվարի 19-ին, տեղի է ունեցել Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառում։
Հրանտ Դինքի սպանության վայրում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ սգո միջոցառմանը ելույթով հանդես է եկել թուրք հայտնի գրող Սաբահաթին Ալիի դուստրը։
Մասնակիցների մեջ են եղել հայտնի թուրք և քուրդ մտավորականները, ներկա ու նախկին պատգամավորներ։
Մասնակիցները պարզել են «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք», «Այստեղ ենք, ախպարիգ», «Արդարության համար, Հրանտի համար» գրություններով պաստառներ։
Նշենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին, Հրանտ Դինքն սպանվել է Ստամբուլում, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրատան շենքի դիմաց: Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հայտնում էր, որ իր հասցեին սպառնալիքները հաճախակի են դարձել: Բացի այդ, նա բողոքում էր, թե ոստիկանությունը հրաժարվել է պաշտպանել իրեն հնարավոր մահափորձից։
Դինքի սպանության գործով դատավարությունը դեռ շարունակվում է։