Ֆրանսիայում հայտարարել են «դեղին անթև բաճկոնների» վերջին ցույցերի ժամանակ բռնության աննախադեպ բարձր մակարդակի մասին
Ֆրանսիայի Ազգային ոստիկանության վարչության ներկայացուցիչ Կամիլա Շազը հայտարարել է երկրում «դեղին անթև բաճկոնների» վերջին ցույցերի ժամանակ բռնության աննախադեպ բարձր մակարդակի մասին, այս մասին հաղորդում է BFM TV-ն:
Շազի խոսքով՝ բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով:
Միևնույն ժամանակ հայտնի է, որ այսօր «դեղին անթև բաճկոնները» կանցկացնեն իրենց հերթական բողոքի ակցիան: Նշվում է, որ այդ առիթով երկրի ամբողջ տարածքում մոբիլիզացվել է շուրջ 80 000 իրավապահ:
Սա արդեն 10-րդ շաբաթն է, երբ «դեղին անթև բաճկոնները» շարունակում են իրենց զանգվածային բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: