Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների համաձայնությանն անդրադարձել է նաև Մոգերինիի թիմը
«Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև հունվարի 16-ին Փարիզում արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը առաջընթացի վերաբերյալ»:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումներին։
Եվրամիությունը անհամբերությամբ սպասում է այդ համաձայնությունների արդյունքների ու մասնավորապես բնակչությունները խաղաղության պատրաստելու կոնկրետ միջոցառումների իրականացմանն ուղղված արդյունքներին, ինչպես նաև բանակցային գործընթացի վերսկսմանը։
Կազմակերպությունը, ըստ այդ հայտարարության, լիարժեք աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը և իր պատրաստակամությունն է հայտնում՝ օգնել վստահության ամրապնդմանը հակամարտության երկու կողմերում՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման միջոցով։