Եվրամիությունը դրական ազդակ է տեսնում Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների միջև՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս մասին ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:
«Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է բանակցությունների արդյունքների՝ ներառյալ երկրների արտգործնախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացմանը, ինչպես նաև բանակցություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերին»,- ասված է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Հայտարարության համաձայն՝ բոլոր կողմերը կշահեն երկարաժամկետ խաղաղության հաստատումից, ինչը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին գործի դնել իր ամբողջ ներուժը: