Հրանտ Դինքի և Կարո Փայլանի համեմատությունը ճիշտ չէ. նրանց միջև հետաքրքիր տարբերություն կա. Տիրան Լոքմագյոզյան
Ես զգում եմ թախիծ, ափսոսանք, իսկ այդ օրը, երբ ստացա Հրանտ Դինքի սպանության լուրը, իմ մտոքով մի բան անցավ՝ մեր մեջքը ջարդեցին:
Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:
Նրա խոսքով, սա շատ մեծ հարված էր հայ համայնքին. «Նրանք գտան մեր թույլ, կամ ավելի ճիշտ ուժեղ կետը և այդտեղ տվեցին հարվածը»,-ասաց նա:
Տիրան Լոքմագյոզյանը սխալ է համարում Հրանտ Դինքին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ համեմատելը, քանի որ նրանք տարբեր մարդիկ են, և իրենց գործունեությունն էլ տարբերվում է իրարից:
«Այո, Փայլանն այսօր Թուրքիայի մեջլիսում է և այնտեղ բավականին ճանաչված է իր հանդուգն ելույթներով, սակայն այդ երկուսի միջև հետաքրքիր տարբերություն կա.
Հրանտն ինչ անում էր, անում էր ինչ-որ նպատակներով, իսկ Փայլանի արածը հիմնականում ելույթներ են, օրինակ Հայոց ցեղասպանության մասին խոսելը, զոհերի նկարները մեջլիսում ցուցադրելը: Դրանք ավելի շատ ելույթներ ու ակցիաներ են, որոնք իհարկե, բան չեն տալիս: Ընդհակառակը, մենք տեսանք, որ դրանից հետո մեջլիսը ժողով գումարեց և որոշեց արգելել Ցեղասպանության մասին խոսել մեջլիսում»,-ասաց նա:
Դինքի ընկերոջ ներկայացմամբ, Հրանտ Դինքը երբ ինչ-որ բան էր նախաձեռնում նպատակ ուներ ինչ-որ բանի հասնելու, և հենց դա է Փայլանի ու Դինքի տարբերությունը: