Մագնիտոգորսկի պայթյունից տուժած 11 ամսական երեխան սովորական հիվանդասենյակ է տեղափոխվել
Մագնիտոգորսկում գրանցված պայթյունի հետևանքով տուժած երեխային վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ են տեղափոխել: 1TV.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխայի մոտ առողջական բավականին մեծ առաջընթաց է գրանցվել: Նա արդեն կարողանում է խաղալ ու շարժվել անկողնու մեջ: Նա նաև հայտնել է, որ երեխայի վնասված ոտքը վիրահատության կարիք այլևս չունի, չնայած՝ սկզբում վիճակը շատ ծանր է եղել:
«Դա բաց վնասվածք էր, սառցահարում, դա նույնպես վնասվածք է և տրորվածության համախտանիշ: Այդ ամենը հանգեցրել է երիկամների աշխատանքի, սիրտ-անոթային, շնչառական համակարգերի խանգարումների: Ահա այդ ամենի դեմ կարողացել են պայքարել»,- ասել է Մանկական վիրաբուժության ու վնասվածքաբանության ինստիտուտի նախագահ Լեոնիդ Ռոշալը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մագնիտոգորսկում տեղի ունեցած պատահարից հետո փլատակներից դուրս են բերել 11 ամսական մի երեխայի, որ ողջ է մնացել պայթյունից հետո։