Լուկաշենկոն չի առարկի ՌԴ-ի հետ ընդհանուր արժույթին, եթե դա ռուբլին չլինի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի առարկում Միութենական պետությունում միասնական արժույթի ստեղծմանը, որը չպետք է լինի ռուսական ռուբլին։ Հաղորդում է Интерфакс-ը:
«Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք է լինի ընդհանուր արժույթ, այլ ոչ թե Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժույթը: Պետք է լինի Էմիսիոն կենտրոն՝ ստեղծված հավասար պայմաններով: Եթե դուք բերում եք Եվրամիության օրինակը, լա՛վ, թող լինեն ԵՄ-ի սկզբունքները: Բայց որ պայմաններն ու մոտեցումը լինեն հավասար»,- հայտարարել է Լուկաշենկոն բելառուսական դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախաշեմին կայացած հանդիպմանը:
Նա նաեւ հայտարարել է, որ բելառուսներին ու ռուսաստանցիներին միմյանց դեմ հանել չի հաջողվի, չնայած այդ ուղղությամբ արվող առանձին փորձերին: «Դա այն ուղին չէ, որ ինչ-որ կերպ Ռուսաստանում որեւէ մեկը դրանից շահաբաժիններ ստանա: Չի ստացվի»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է ԲելՏԱ գործակալությունը: «Մեզ հնարավոր չէ միմյանց դեմ հանել, Բելառուսը նույն ռուսն է՝ որակի նշանով (ես ավելի քան 20 տարի առաջ եմ ասել): Այդ թեմայի վրա խաղալը շատ վտանգավոր է»,-ընդգծել է նախագահը: